Կարված գրպաններ
04.03.2012 at 03:20 | Posted in Խառը | Leave a commentԱմեն ինչ սկսվեց մետրոյի միջադեպից, որի մասին հաղորդեցին բոլոր լրատվամիջոցները: Ուղևորներից մեկը վագոնից դուրս չէր գալիս, վերջին կայարան էր հասել ու հրաժարվում էր լքել գնացքը: Բացատրության փոխարեն ձեռքերի ու ծառայության մասին էր խոսում: Մարդիկ դա ընկալեցին որպես ըմբոստության կոչ ու դուրս եկան փողոց:
Հայկական Ժամանակ
Գևը ամենավերջում ինձ գրկեց՝ բոլորից երկար, ասեց՝ կկարոտի, պետք ա պինդ մնամ ու ամենինչ լավ կլինի: Թևքերին ու գրպանների վրա սպիտակ ենթաօձիքներ ա կարել, սիրուն ա: Բացովի անտենայով, ծիրանագույն գրպանի ռադիո ունեմ՝ մեկնում եմ իրան: Հիշատակ: Ճիշտ ա՝ շատ ալիքներ չի բռնում:
Երկու շաբաթ առաջ՝ ընթրիքի ժամանակ, ծնողներս թույլատրեցին միայնակ երթևեկել: Ազատությանը դժվարությամբ եմ ընտելանում: Համարներ չեմ կարողանում հիշել. հարյուր քսանը շփոթում եմ հարյուր քսաներեքի հետ, քսանչորսը՝ քառասուներկուսի: Մի քանի օր անց՝ հերթական ուշացումից հետ, հայրս տետրիս մեջտեղի թերթը կպոկի, վրան կգրի տուն տանող համարներն ու երթուղիները, հետո մորս կպատվիրի կարել թերթը բաճկոնիս ծոցագրպանի տեղում:
Ինձ արգելված ա մետրոյից օգտվել: Մայրս վախենում ա, որ փողքս կմնա երկաթե ատամների արանքում ու շարժասանդուղքը մսաղացի նման կծամի փոքր մարմինս: Հակառակ մորս հորդորներին՝ տուն եմ վերադառնում «Երիտասարդական» կայարանից՝ խնայելով վաթսուս դրամ նախատեսված հարյուրից:
Հարյուր երեսուներեք զինվորի անուն, ազգանուն, հայրանուն՝ ըստ այբենական կարգի: Անվանականչը երկար տևեց, իմ անունը կարդացին ամենավերջում, որովհետև չեն հասցրել ավելացնել ցուցակի մեջ: Շրջվում եմ կողքի վրա, բռնվում եմ մահճակալի երկաթե շրջանակից ու գլուխս ներքև եմ կախում: Լազեռի լույսի նման դողացող կարմիր կետ ա երևում` Գևի ծխախոտն ա: Քունը չի տանում, որովհետև ցերեկը քնել ա: Պատմում ա ամերիկացիների մասին, ովքեր առաջինն են մտել ճամբար: Սպիտակ մաշկով, մաքուր ածիլված կզակներով տղաներ են, հագներին սիրուն մոխրագույն հագուստներ ունեն, որոնց վրա անթիվ գրպաններ ու հեծանակներ կան, ոտքներին սինթետիկ գուլպաներ են ու հաստ ներբաններով փայլուն զինվորական ճտքակոշիկներ: Քիչ անց նրանք կգտնեն վիթխարի ակոսների մեջ լցրած մարմինների շիլան ու կորոշեն գնդակահարել գերի հանձնված զինվորներին:
Վերջին կայարանում գնացքը չկանգնեց, նույնիսկ չփորձեց արգելակել: Մուգ կանաչ ու կապույտ համազգեստներով մարդիկ էին կուտակվել կառամատույցի եզրին, երբ գնացքը մտավ կայարան, սկսեցին հարվածել ապակիներին ու դռներին, ինչ որ բան էին գոռում, բայց ընթացքի աղմուկը բոլոր հնչյունները հավասարեցնում էր: Չհենվե’լ: Գնացքը մի քանի ժամ մնաց դեպոյում՝ անտեղյակության, վախի ու խավարի մեջ: Երրորդ ժամի ավարտին ուղևորների մի մասը ոտքով վերադարձավ կայարան, մի քանիսն էլ մնացին կնոջ հետ, ում հարկավոր էր պատգարակներով տեղափոխել: Անհայտ մեկը նռնակ էր գցել «Շենգավիթ» կայարանի ուղեգծերի վրա, ոստիկանները նրան փնտրում էին ամենուր՝ վախենալով, որ հանցագործը կվճռի պատանդ վերցնել գնացքի ուղևորներից մեկին:
Մեկն անց քսան՝ նշանակում ա ճաշին դեռ երկու ժամ կա: Դաշտային հավաքներում ենք` վրանում, որ կապել ենք գիշերները կարծրացող մերկ հողի վա: Գևը կռանալով ներս ա մտնում, ձեռքում ալյումինե աման կա, որից տաք գոլորշի ա բարձրանում, ուռած գրպանում` կոշտացած կեղևով սևահաց: Ամանը դնում ա անմիջապես կողքիս, մի քանի վայրկյան ձեռքերը պահում ա ամանի վերևում, հետո գրպանի հացը դնում ա ամանի ծակ եզրի մոտ: Ասում են՝ երկրի հարավում զորամաս կա, որտեղ ընդամենը քսան զինվոր ա ծառայում, հրամանատարը ավագ ա՝ սպաներ չկան, իսկ ճանապարհներն այնքան վատն են, որ ստուգումների համար ոչ ոք այդկողմ չի թեքվում: Պատմում են, որ ճաշի ժամանակ սեղաններին ամաններով շաքար են դնում՝ ինչքան ուզում ես լցրու թեյիդ մեջ, իսկ բորշի ու խաշած ցորենի փոխարեն՝ մատուցում են սպաս ու սպագետի: Այնտեղ բոլորն իրենց առանձին սենյակներն ունեն, երբեք ոչ ոքի պատվի չեն առել ու ծառայության ընթացքում սապոգ հագած չկան: Ամենակարևորը՝ զորամասին կից մանկատուն կա, որտեղից տասնվեց-տասնյոթ տարեկան աղջիկներ են գալիս, մտնում են զինվորների ծոցը, առավոտյան էլ նախաճաշ են սարքում, երևի՝ ձվածեղ կամ նման բան: Փողով կամ ծանոթով այդտեղ հայտնվելն անհնար ա, որովհետև զորամասի մասին ոչ ոք չգիտի, նույնիսկ պաշտպանության նախարարությունում չեն լսել:
Տոների ընթացքում գնացքի բոլոր պատուհանների դիմաց գերհարթ էկրաններ ամրացրեցին՝ նախատեսված գովազդային հոլովակների շուրջօրյա ցուցադրման համար: Դրանք մետաղական շրջանակների մեջ են, կոճակներ չունեն, կառավարվում են ղեկամասից: Նստատեղեր՝ հաշմանդամ մարդկանց, ծերերի ու երեխաներով ուղևորների համար: Վաղը «Գործարանայինից» «Սասունցի Դավիթ» ընկած հատվածում գովազդի փոխարեն պոռնոֆիլմեր կհեռարձակվեն: Ուղևորները կսկսեն անջատելու կոճակը փնտրել, կփորձեն առանձնացնել էկրանը մետաղական շրջանակից, մյուսները մեքենավարի դուռը կծեծեն, կհենվեն վագոնի դռներին ու ամենավերջում մեկի մտքով կանցնի քաշել արգելալծակը:
Ծակոցներ եմ զգում ոտնաթաթերիս տակ, երևի կրունկիս մեխերը, կաթնատամների նման, տակացուներս ծակել, դուրս են եկել կամ էլ արյունը ետ ա հոսել: Անկողինը ոտքերի մասում ծալել եմ, որպեսզի կոշիկներս ծածկոցի փոխարեն մետաղական ցանցին կպնեն: Գևի բաճկոնին զորանոցի մանրահատակին քսած կերոսինի հոտն ա կպել, երբ օրերը տաքանան ծխարանի խողովակներին կփռեմ: Արթուն եմ, բայց աչքերս չեմ բացում: Հայրս բանակից տուն ա եկել, կռացել ա վրաս ու թուշս պաչում ա:
Հայացքս բարձրացնում եմ` կինը, որ ձախ ձեռքում մեծ, կարմիր տոպրակ ունի, ձևացնում ա, որ ստուգում էր գնումները: Ինչ որ բան ա մոռացել ցանցասայլակի անկյունում կամ դրամարկղի շարժական մասի վրա: Ֆոտո արա: Կինը շրջվում ա, տոպրակը մի ձեռքից տեղափոխում ա մյուսը, մոտենում ա դռներին ու դուրս ա գալիս: Ափերս ծնկներիս եմ սեղմում:
Դուրս գալիս ես: Ծխարանը խողովակներից ու դրանց վրա դրված կարմրավուն թիթեղներից կազմված կառույց ա զորանոցի մուտքի մոտ: Նոր զորամասի սահմանները չգիտեմ, բայց համոզված եմ` ծխարանը երևում ա ամեն կողմից: Մետաղական սյուների կենտրոնում բետոնի մեջ թաղված գլան կա՝ մեջը ծխախոտի մնացորդներ ու ճմրթված պլաստմասե շշեր: ինձ են նայում` նոր զինվորական համազգեստիս ու կավի նման ճաքճքած մատներիս: Ստամոքսս վախից ցավում ա: Դուրս գալիս ես: Գլուխս բարձրացնում եմ` Գևը կանգնել ա առջևումս՝ խոշոր ափի վրա ծխախոտ ա: Ան: Չեմ ծխում, բայց վերցնում եմ:
Սկզբում իմն ա կպցնում, հետո՝ իրանը: Տարիներ առաջ էր, պաշտպանության նախարարը հանկարծակի այցելեց զորամաս, երևի մոլորվել էր էս կողմերում ու որպեսզի գիշերը ճանապարհին չանցկացնի, որոշել էր առաջին պատահած զորամասում գիշերել: Ինչպես ընդունված ա՝ զինվորները շարք կազմեցին ու միաձայն ողջունեցին մոլորված նախարարին, նա էլ բարի մարդ էր, մոտեցավ ու բոլորին ձեռքով բարևեց: Հետո կանգնեց զինվորներից մեկի առաջ ու հայրաբար հարցրեց. «Հ.Բ. ի՞նչ ա նշանակում, Տղա‘ս»: «Հասնենք Բաքու‘, պրն. Նախարա’ր»,- գրեթե գոռաց զինվորը: Չափ չկար նախարարի ուրախությանը, հրամայեց սեղան գցել, վրան՝ ամենաընտիր ուտեստները՝ հարիսա, տոլմա՝ թփով ու կաղամբով, խաշլամա, հավի խորոված, ավելուկով աղցան, խոզապուխտ, զեյթուն, օղի, մածուն, տնական խավյար, հումուս, լավաշ, ծիրանի ու ելակի ջեմ, պոպոքի մուրաբա, էկլեր, ամեն տեսակ թխվածքներ ու կոնֆետներ ու ամենինչը այնքան շատ էր, որ զինվորները մի ամիս քեֆ արեցին: Որոշեց բարի նախարարը զորացրել զինվորին ու պսակել իր մինուճար աղջկա հետ:
Հետզհետե մատներիս ճաքերը տարածվում են, չնայած՝ Գևի պահարանի դարակում ձեռքի քսուկ կա, որը կարող եմ օգտագործել: Սանմասի բժշկուհին ասում ա, որ վտանգավոր չի, որ ծառայության վերջում կանցնի, լուծողական հաբեր ա տալիս՝ չեմ վերցնում:
Դռների մոտ նստած պատանին ծնկների արանքում կիթառի պատյան էր սեղմել: Երբ պետք ա տեղից բարձրանար, գործիքը դիպավ կողքի տղային, ում ձեռքում բջջային կար: Հեռախոսը շխկոցով ընկավ ներքև ու մասերի բաժանվեց: Ոչինչ չհասցրեց ասել երաժիշտը, բջջայինի տերը ապտակեց պատանուն, հետո բռունքներով սկսեց հարվածել ու դադարեց, երբ զգաց, որ դեմքի փոխարեն հարվածում ա վագոնի հատակին:
Երբ երիտասարդը գնացքից դուրս եկավ, դիմացս նստած կինը փոքր քայլերով մոտեցավ պատանուն, մարմնի տակից դուրս բերեց հեռախոսի կտորներն ու գրպանը տարավ:
Տարվա վերջին ամսիսն ա: Հրամայված ա` սպասել տարբերանշանով ուղղաթիռի, որը հենց մեր գլխի վերևով կանցնի: Մենք պետք ա ամենաբարձր խրամատի թեք լանջին մարդաչափ տառերով զորամասի համարը գրենք: Բահերով երկու օր շարունակ քերծել ենք արմատներով ու քարերով հագեցած հողը, երրորդ օրվա կեսին Գևը զորամասի տարածքից դուրս եկավ, երբ վերադարձավ, գրպաններում կլորավուն, խոշոր քարեր էին: Յուրաքանչյուր թվանշանի համար ստիպված ենք մի քանի անգամ իջնել ձորը, որտեղ գարնանը Գևի համազգեստն ու կիսատ մարմինը կգտնեն: Քարերը կիսով չափ խրում ենք հողի մեջ, հետո ներկում սպիտակ, յուրաքանչյուր երրորդը` կարմիր: Գևը բահը բարձրացնում ու ամբողջ ուժով հարվածում ա քարերին, հետո ես դրանք ներկում եմ մաշված, կրաջրի մեջ թաթախված ավելով:
Նստարանի վրա՝ ճիշտ կենտրոնում, ինչ որ մեկը ծիրանագույն թաշկինակ ա թողել՝ ասեղնագործած եզրերով, նման նրանց, որ ծնողները երեխաների գույնզգույն վերարկուների գրպաններն են խոթում: Նստարանին ոչ ոք չի նստում, նկատում են ձեռքի մեջ տրորված կտորը ու սառը ձողերից կախվելով, քայլում են վագոնի ետնամաս: Օրվա ավարտին մեքենավարն ու վերջին կայարանի հսկիչ-ուղեկցորդը երկար կկանգնեն անօգնական թաշկինակի վերևում, հետո հսկիչը մետաղական ցուցանշանով այն կհրի, կգցի վագոնի հատակին: Ծիրանագույն թաշկինակը վագոնի կեղտոտ հատակին տխուր տեսք կունենա:
Շոշափում եմ՝ ներսում ինչ որ բան կա: Եղունգներով քանդում եմ գրպանիս մեծ-մեծ կարերը ու ներսից պլաստմասե ծիրանագույն ռադիո ա դուրս գալիս: Գարեգին Նժդեհի հրապարակ… վերջին կայարան…:
Անվերնագիր. Սահակ Չիբուխչյան
17.04.2011 at 00:53 | Posted in ընկերներ | 5 Comments
Անցնելով դեպի մետրո տանող արգելքը և այնտեղ գցելով իր գրպանի վերջին ժետոնը` նա կանգնեց դեպի ներքև տանող մետաղյա շարժասանդուղքին` շրջապատվելով անծանոթ մարդկանց բազմությամբ: Անհասկանալի մուգ ակնոցներ կրող մի բազմություն: Չկար ոչ մի աչք: Հաճելի էր նրան անծանոթ, բայց և ծանոթ այդ բազմությունը, և նա զգաց այն հաճույքը , որ զգում ես գտնվելով ճանապարհին դեպի տուն կամ տվյալ դեպքում “ինչ որ տեղ”, միայն ոչ այնտեղ, որտեղից նա էր վերադառնում: Նա սիրում էր մետրոն, որտեղ մութ էր, մութ` որովհետև գտնվում ես գետնի տակ, այլ ոչ թե ամպամած է: Մետրոյում մութ է և’ ամռանը, և’ ձմռանը: Սիրում էր անտարբեր ուղևորների ամբոխը, որոնք կրում էին մուգ ակնոցներ, և պետք չէր մտածել նրանց մասին: Գուցե նա սիրեր ամպամածությունը և արևը, և այն ամենը ինչ կատարվում էր կապույտ գնացքների վերևում: Բայց այդ փողոցները, այդ շենքերը, որքան ծանր էին, որքան գորշ, ինչքան շատ էին հայելիները, հարկերը շենքերի վրա, և ինչքան անտանելի էր այդ վարդագույն շենքը` մեխված աշնանային մոխրագույն երկնքի մեջ: Եվ քանի իջնում էր շարժասանդուղքով, այնքան զգում էր, որ հեռանում է այնտեղից, որտեղ աշուն էր իր ամբողջ գեղեցկությամբ, որտեղ արդեն եղել էր և կլիներ նաև հաջորդ օրը:
Քիչ անց նա արդեն մետրոյի վագոնում էր: Ակնոցավոր մարդկանց ամբոխի միջով անցնելով` նա շարժվեց դեպի վագոնի ետնամաս և նստեց նստարանին: Նրա դիմաց նստած էր մի աղջիկ: Աղջիկը կրում էր մուգ` այտոսկրերը ծածկող ակնոցներ: Գեղեցիկ, կաթնագույն և նուրբ ձեռքերում աղջիկն ուներ երաժշտական գործիքով պայուսակ, կարծես` սաքսոֆոն: Տղան տարվել էր գեղեցկուհով: Կարծես աղջիկն այն ամենն էր ինչի կարիքն ուներ նա: Աղջիկը յուրահատուկ էր, չնայած կրում էր մուգ ակնոցներ, ինչպես բոլորը: Տղան փորձում էր անթարթ նայել աղջկան, բայց, նկատելով աղջկա դեմքին ծագող ժպիտը, փախցնում էր հայացքը: Նրան թվում էր, թե աղջիկը լսում է նրա` մետրոյի չխկչխկոցին ձայնակցող սիրտը: Միայն աղջիկը և ոչ մեկ, ոչ մի ակնոցավոր գտնվող մետրոյում: Չկար ոչինչ բացի այդ վագոնից և մերթընդմերթ ժպտացող էակից: Եվ ահա կայարանը, որտեղ պետք է իջնեին երկուսն էլ, և բոլորը, որովհետև վերջինն էր: Նրանք դուրս եկան վագոնից, քայլում էին կողք-կողքի, կարծես վաղեմի ծանոթներ լինեին: Կանգնեցին վեր ընթացող աստիճաններին` աղջիկն ավելի առաջ քան տղան: ինչքան վերև, այնքան տղան հասկանում էր, որ անվերջ չի բարձրանալու աստիճանները և կա խաչմերուկ, որտեղ պետք է բաժանվեն նրանք: Եվ ահա նրանք գնում են դեպի ելք: Տղան արագացնելով քայլերը, որոնք նա նորից գցում էր գեղեցկուհուն հավասար, ասաց.
_ Ինչ սիրուն ձեռքեր ունես:
Աղջիկը շրջվեց դեպի տղան և ակնոցները բարձրացնելով, հարցրեց.
_ Ի±նչ:
Blog at WordPress.com. | Theme: Pool by Borja Fernandez.
Entries and մեկնաբանություններ feeds.
